1989 թ. ապրիլի հանրահավաքներից մեկի ժամանակ հնչած սադրիչ կոչերը բազմահազարանոց ամբոխին ուղղորդեցին հանրապետության պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) շենքի գրավմանը, տվյալ կազմակերպությունը որակելով «կաուչուկի գործարանից ավելի հրեշավոր»:
Պետանվտանգության կոմիտեն «հատուկ պահպանության հաստատություն» է, որի նկատմամբ ագրեսիան կարող էր կասեցվել ցանկացած միջոցներով, ներառյալ հրազենի կիրառմամբ, և միայն Հայաստանի ՊԱԿ-ի ղեկավարության և օպերատիվ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ խուսափել ողբերգությունից: ՀՀՇ-ի սադրանքն այդ անգամ էլ ձախողվեց: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ նման մի սադրանքի արդյունքում Մերձբալթյան հանրապետություններից մեկում քաղաքացիական ամբոխին հաջողվեց ներխուժել ՊԱԿ-ի շենք և տիրել փաստաթղթային գաղտնի նյութերին:
Վախի հրահրումն ակտիվանում էր: Ամեն գիշեր, էլեկտրականության հովհարային ծավալուն անջատումների համապատկերում, մայրաքաղաքի լռությունը խաթարում էին հրազենային կրակահերթերը: Ծաղրուծանակի էին ենթարկվում բնակչության ռուսախոս ներկայացուցիչները և, հատկապես, Բաքվի փախստականները, որը, բնականաբար, ուժեղացնում էր արտագաղթի ձգտումը, հիմնականում դեպի Ռուսաստան: Բաքվի փախստականների առանձին խառնամուսնական ընտանիքներ (գլխավորապես տարբեր բնագավառների բարձրակարգ մասնագետներ) տարվեցին ԱՄՆ: Հսկայաքանակ բնակչության արտահոսքը հանրապետությունից արագորեն աճում էր:
ՀՀՇ-ի կողմից Հայաստանում իշխանության բռնազավթմանը և հակասովետական, հակառուսական տրամադրությունների տարածմանը նպաստում էին ՍՍՀՄ գերագույն իշխանության անհեռատես (միգուցե նաև նպատակային) որոշակի քայլերը: Այսպես, 1988 թ. փետրվարին Սումգայիթում հայ բնակչության ցեղասպանությունից հետո, տվյալ իրադարձությանը չտրվեց անաչառ և լիարժեք գնահատական: Չդատապարտվեցին մարդկության դեմ գործած այդ հանցագործության կազմակերպիչները և իրականացնողները: Ավելին, բարձրագույն կուսակցական-սովետական նոմենկլատուրայի ներկայացուցիչները, սովետական ժողովրդի հայտնի դավաճաններ Միխայիլ Գորբաչովի և Ալեքսանդր Յակովլևի «խնամակալության» ներքո, փորձում էին իրավիճակը ներկայացնել համահավասարեցան հենքի վրա՝ մեղքը որոշակիորեն թեքելով հայերի կողմը: (Տեղեկանք. 1958-1959 թթ. Յակովլևը հանրահայտ դավաճան, ՍՍՀՄ ՊԱԿ-ի բարձրաստիճան աշխատակից Օլեգ Կալուգինի հետ համատեղ վերապատրաստվել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում: Յակովլևի գիտական ղեկավարը եղել է Դևիդ Թրումենը՝ նշանավոր հակակոմունիստ-քաղաքագետ, «քաղաքական պլյուրալիզմի» հայեցակարգի հեղինակ): Այդ ամենի արդյունքում Հայաստանի և Արցախի բնակչությունը ծայրաստիճան սուր ընդունեց սովետական պետության կառավարության և կուսակցության ղեկավարության անհոգ-լկտի դիրքորոշումը: Նման երևույթները, իհարկե, արտացոլվում էին պետական մարմիններին դատապարտող հանրահավաքների բնույթի վրա: Իշխանությունները սովորաբար ակնթարթորեն կառչում էին դրանցից՝ հայերին մեղադրելով անջատողականության մեջ: Պաշտոնական քարոզչությունը սկսեց մեղադրել հայկական կողմին «բոլոր հնարավոր և անհնար մեղքերի մեջ»:
1989 թ. վերջին, ՀՀՇ-ի ակտիվացման և զանգվածային լրատվության կենտրոնական միջոցների սադրիչ միակողմանի գործունեության արդյունքում հանրահավաքներում դանդաղ մարեց «Պարտիա-Լենին-Գորբաչով» կարգախոսը: Փոխարենը հայտնվեցին «Պրավդա»-Սուտ» պլակատներ (նկատի էր առնվում կենտրոնական կուսակցական թերթում «Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ» իրադարձությունների կողմնակալ, հաճախ՝ սադրիչ մեկնաբանումը):
1988 թ. հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանում որոշում ընդունվեց Ադրբեջանի կազմից ԼՂԻՄ-ի դուրս գալու և մարզը Արցախի Հայկական Ինքնավար մարզ վերանվանելու մասին: Ավելի վաղ՝ հունիսի 21-ին, նստաշրջանը՝ մարզային խորհրդի գործկոմի նախագահ Շմավոն Պետրոսյանի ստորագրությամբ, դիմում ուղարկեց ՍՍՀՄ Գերագույն խորհուրդ՝ Ադրբեջանի կազմից մարզը ժամանակավորապես դուրս բերելու և, մինչև հիմնախնդրի վերջնական կարգավորումը, ՍՍՀՄ կառավարության ենթակայության տակ դնելու մասին:
Հիշյալ իրադարձություններից հետո Լեռնային Ղարաբաղի բնակչության բողոքներին միացան Դաշտային Ղարաբաղի բնակիչները (Շահումյանի և Գետաշենի շրջանները), ինչին կենտրոնական իշխանությունները պատասխանեցին «Կոլցո» ռազմական գործողությամբ: «Կոլցո» գործողության արդյունքում ադրբեջանական ՕՄՕՆ-ը, սովետական զորքերի օգնությամբ, մասամբ ոչնչացրեց և ամբողջովին տեղահանեց Դաշտային Արցախի արմատական բնիկ հայ բնակչությանը:
Թեև Ադրբեջանի և Իրանի միջև ՍՍՀՄ պետական սահմանի երկարությամբ ամբողջովին վերացվեցին բոլոր սահմանապահ կետերը և արգելափակոցները, ՍՍՀՄ ՆԳՆ զինված ուժերի ստորաբաժանումներ մտցվեցին Հայկական ՍՍՀ-ի և Ադրբեջանական ՍՍՀ-ի միջև վարչական սահմանային տարածք, իբրև թե «հայերի կողմից ագրեսիվ և անջատողական ոտնձգությունները» կանխելու նպատակով:
Այդպես սկիզբ դրվեց Հայաստանի շրջափակմանը Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ մասնակցությամբ:
Վերը նշվեց, թե ինչպես ՌՍՖՍՌ-ի անմիջական ճնշման տակ, 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի հիմքի վրա, 1921 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց Կարսի պայմանագիրը: Հայաստանի երկարատև շրջափակումը Թուրքիայի կողմից հակասում է 1921 թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված բարեկամության մասին պայմանագրում շարադրված դրույթներին, կանխադրում է տվյալ պայմանագրի տառի և ոգու կոպտագույն խախտում:
Այդկերպ գործելով, Թուրքիան փաստորեն չեղարկել է հիշյալ պայմանագիրը Հայաստանին վերաբերող մասով, այդ թվում՝ 5-րդ հոդվածի, որտեղ արձանագրված է. որ «Նախիջևանի մարզը …կազմում է ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության ներքո»: Մինչդեռ այդ պայմանագրի ներածականում ամրագրված է. «…բաժանելով ազգերի եղբայրության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները, նրանց միջև մշտական սրտագին փոխհարաբերություններ և անկեղծ բարեկամություն հաստատելու ցանկությամբ խանդավառված, որոշեցին բարեկամության պայմանագիր կնքելու նպատակով… սկսել բանակցություններ…»: Պայմանագրի հոդված 12-ում նշվում է. «Պայմանավորվող կողմերը համաձայն են պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածքում գտնվող մյուս կողմի քաղաքացիների նկատմամբ կիրառել առավելագույն բարենպաստման սկզբունքը», իսկ պայմանագրի 17-րդ հոդվածն ասում է. «Պայմանավորվող կողմերն իրենց երկրների միջև հաղորդակցության անընդհատությունն ապահովելու նպատակով պարտավորվում են փոխադարձ համաձայնությամբ ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի պահպանվեն և որքան հնարավոր է արագ զարգանան երկաթուղային, հեռագրական և հաղորդակցության մյուս միջոցները, ինչպես նաև այն նպատակով, որպեսզի առանց կասեցումների ապահովեն մարդկանց և ապրանքների ազատ փոխադրումներ»:
Հաշվի առնելով «Կոլցո օպերացիայի» դառը փորձը, հանրապետության բնակչությունը, ինքնապաշտպանական նպատակներով, ձեռնամուխ եղավ, այսպես կոչված, հայկական ազգային բանակի (ՀԱԲ) կազմավորմանը: Զինվում էր նաև Արցախը: ՀԱԲ-ն իր բոլոր ջանքերը ներդրեց Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանության գործին: Սակայն «Ղարաբաղ կոմիտեի» ղեկավարությունը, որը ստեղծում էր իր զինված ջոկատները, չկարողացավ հաշտվել հանրապետությունում իր վերահսկողությունից դուրս գտնվող զինված ուժի գոյությանը: Հատկապես այդ նպատակով Լևոն Տեր-Պետրոսյանը, խորհրդարանի նախագահ ընտրվելուց հետո, հրամայեց ուժի կիրառմամբ զինաթափել ՀԱԲ-ը ուղղակի Երևանի կենտրոնում, որի ընթացքում զոհվեցին Գեղազնիկ Միքայելյանը (Չավուշ) և Վիտյա Այվազյանը: Ընդ որում, փորձ արվեց հիշյալ քաղաքացիների մահվան մեջ մեղադրել ՀԱԲ-ին՝ միաժամանակ պահանջելով ցրել այդ զինված կազմավորումը:
Հաշվարկը կատարված էր հանրապետության բնակչության, գլխավորապես Երևանի մտավորական վերնախավի շրջանում վախի զգացում ներարկելու վրա:
«1989 թ. հունվարի 12-ից սովետական իշխանությունների գործողություններում աստիճանաբար նկատվեց շրջադարձ. առաջին անգամ, 1988 թվականի փետրվարից հետո, Կրեմլը մեղմացրեց իր կոշտ վերաբերմունքը ի պատասխան արցախցիների պահանջների»: 1989-ը Ղարաբաղում դարձավ Մոսկվայի ուղիղ ենթակայությամբ «հատուկ կառավարման» տարի՝ Արկադի Վոլսկու ղեկավարությամբ: Սակայն, ինչպես ադրբեջանական «ազգային ճակատի» ակտիվիստների, այնպես էլ «Ղարաբաղ կոմիտեի» ղեկավարության ճնշման տակ «Հատուկ կառավարման կոմիտեն» լուծարվեց: Դա ապացուցում էր, որ և Բաքվում, և Երևանում բողոքի շարժումների ղեկավարներին ամենևին չէր հետաքրքրում «խաղաղ Ղարաբաղը», այլ դիտարկվում էր իշխանությունը բռնագրավելու հստակ ձգտում: Ինչպես ցույց է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվող «Մեղրիի պարանոցի» սահմանամերձ գյուղերի բնակիչների հարցումը, փոխհրաձգություններն ակտիվացել են միայն, համապատասխանաբար, Բաքվից և Երևանից ակտիվիստների այցելություններից հետո: Ընդ որում, գյուղացիները ցերեկը օդ են կրակել, իսկ գիշերները միասին հավաքվել և միմյանց հետ կիսել են իրենց ընթրիքը:
Մոսկվան, այդպես էլ չխորանալով «Ղարաբաղյան կոնֆլիկտի» իրավիճակի բուն էության մեջ, փորձում էր տնտեսական բարեփոխումներով մարել ժողովրդական շարժումը: Մայիսի 31-ին, ՍՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարում, Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը, քննադատելով «Ղարաբաղի հատուկ կառավարման» գործունեությունը, իր ելույթում հայտարարեց. «Հատուկ կառավարման կոմիտեի» ստեղծումը փոխզիջում էր՝ իրավիճակի թելադրանքով: Բայց «Կոմիտեն» ժառանգեց ինքնավարության իրավական բացթողումները և այդպես էլ չդարձավ անկախ կառույց, որը թույլ կտար ապահովել մարզի ուղիղ կառավարումը անմիջապես Կենտրոնից»:
Հարկ է նշել, որ Հեյդար Ալիևն, իր հերթին, խոստովանեց. «1988 թվականին Ղարաբաղը անջատվեց Ադրբեջանից: 1991 թվականի փետրվարի նստաշրջանում, երբ ես ասացի, որ Ղարաբաղը կորսված է, ինձ փորձում էին համոզել, որ այն Ադրբեջանին է պատկանում ավելի քան երբևէ: Բայց «Հատուկ կառավարման կոմիտեի» ստեղծումը փաստացի նշանակում էր Ղարաբաղի անջատում Ադրբեջանից: Վոլսկու ղեկավարած Կոմիտեն Ղարաբաղն անմիջականորեն ենթարկեց Մոսկվային, չնայած դեֆակտո այն ենթարկվում էր Հայաստանին»:
Արկադի Իվանովիչն անձամբ «մեծ սխալ» էր համարում «Կոմիտեի» լուծարումը: «Նախքան այս վայրի պատերազմի սկսվելը,- նշել է նա,- քանի դեռ գործում էր «Հատուկ կառավարման կոմիտեն», Ղարաբաղում զոհվել է ընդամենը ութ հոգի: Մենք հեռացանք 1990 թվականի հունվարին, իսկ փետրվարին բռնկվեց իսկական պատերազմ: Եվ դա մեծ սխալ էր: Միգուցե մեզ փոխարինելու ժամանակն էր, բայց անպայման պետք է պահպանվեր ուղիղ կառավարումը Մոսկվայից»: Այստեղ ավելորդ չէ նկատել, որ 1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցավ հայերի ցեղասպանություն:
Իրավիճակը Հայաստանում համեմատաբար հանգիստ էր, չնայած այս հանրապետությունից ևս, ՀՀՇ-ի ջանքերով, կազմակերպվեց մուսուլման բնակչության հեռացում: ՈՒ թեև տեղ գտան բռնության առանձին գործողություններ, սակայն բանը չհասավ կազմակերպված ջարդերի:
1989 թվականի մայիսին Հայաստանի Գերագույն խորհուրդը մայիսի 28-ը ճանաչեց որպես Հայկական պետականության վերականգնման օր, իսկ եռագույն դրոշը՝ ազգային խորհրդանշան:
1989 թ. օգոստոսի 19-ին «Ղարաբաղ» կոմիտեն հրապարակեց «Հայոց համազգային շարժման» ծրագիրը, որտեղ մասնավորապես ասվում է. «Հայ ժողովուրդն իր ազգային ծրագրերն իրագործելիս պետք է ապավինի իր ուժերին, հույս չդնի հովանավորության վրա: Ամեն մի հակառակ պնդում ժխտվում է պատմական փորձով և ծառայում է մեր ժողովրդին հոգեկան ստրկության մեջ պահելու գործին: Ստրկամտության արտահայտություն է նաև այն մտայնությունը, ըստ որի՝ ազգն ունի մշտական բարեկամ և մշտական թշնամի»: Այսօրինակ գաղափարները նպատակաուղղված նախապատրաստում էին հեռացնելու հայ ժողովրդին Ռուսաստանի հետ բարեկամությունից, ընդ որում, անհասկանալի էր ՀՀՇ ղեկավարության դիրքորոշումը թշնամական Թուրքիայի հանդեպ, որը շտապողաբար կազմակերպեց Հայաստանի շրջափակումը ինչպես իր, այնպես էլ Ադրբեջանի կողմից: Այդ առնչությամբ բնական հարց է ծագում. Թուրքիան դիտարկել որպես «թշնամի՞», թե՞ «բարեկամ»: Ճիշտ է, Լ. Տեր-Պետրոսյանը, առայժմ անհամարձակ, ակնարկում էր նման հեռանկարի մասին: Այդ ուղղությունը հետագայում որոշակիորեն զարգացավ և զարմանալիորեն համընկավ երիտթուրքերի հարյուրամյա վաղեմություն ունեցող դիրքորոշման հետ: Այսպես, իր հեռուստատեսային հարցազրույցներից մեկում, 2018 թվականին, Լ. Տեր-Պետրոսյանն արդեն ուղղակի հայտարարեց, որ անհրաժեշտ է հրաժարվել 1988 թվականին սկսած պայքարից հանուն Արցախի ազատության, քանի որ «աշխարհը դա թույլ չի տա»՝ որպես օրինակ բերելով Իրաքի և Լիբիայի բարբարոսական ոչնչացումը: Նման է, այդպես չէ՞, 1905 թվակականին, ռուսերեն գրված «երիտթուրքերի կենտրոնական կոմիտեի հատուկ կոչին». «Գիտեք, ծիծաղելի կլիներ, եթե 400 մլն մուսուլմանները վախենային աշխարհով ցաքուցրիվ եղած մի բուռ հայերից… Մենք չենք ցանկանում ճանաչել ձեզ, հայ հեղափոխականներ: Այդ պատճառով, այսուհետև մենք հեղափոխական կհամարենք 15-70 տարեկան յուրաքանչյուր հայի, և ամեն անգամ, երբ դուք մեր նկատմամբ թշնամական քայլ կատարեք, մենք անխնա կոչնչացնենք ձեզ ամբողջ երկրագնդով մեկ, որտեղ որ մուսուլմանին հայ կհանդիպի՝ Արևելքում կամ Արևմուտքում, Հյուսիսում կամ Հարավում…»:
Լ. Տեր-Պետրոսյանի հնչեցրած դիրքորոշումն ապացուցում է, որ 1988-1989 թթ. «Ղարաբաղ կոմիտեի» հայրենասերների կողմից բարձրացված ժողովրդական զգացմունքային-բողոքի հզոր ալիքին Լևոն Տեր-Պետրոսյանը թառեց իշխանությունը բռնազավթելու նպատակով:
(շարունակելի)
Ռուսերենից թարգմանեց
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ